Vintage
Something Different for Joomla
Որոնել կայքում
Գրանցվել / Մուտք
| Հաշմանդամի աշխատանքային արտոնություններ |
|
|
ՀՀ աշխատանքային օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում հաշմանդամություն ունեցող աշխատողներին իրենց պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա, աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով (ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ): Բացի դրանից, օրենսդրորեն ամրագրված է, որ հաշմանդամները կարող են ներգրավվել արտաժամյա աշխատանքի, եթե բժշկական եզրակացությամբ դա նրանց արգելված չէ (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 139, 141, 144): Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային օրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ: 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների համար սահմանվում է աշխատաժամերի կրճատված տևողություն՝ շաբաթական 36 ժամից ոչ ավելի: Աշխատանքի ընդունելիս՝ հաշմանդամների համար փորձաշրջան չի սահմանվում: Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավասար արտադրողականության և նույն որակավորման դեպքում հաշմանդամներն օգտվում են աշխատանքում մնալու առավելությունից: Աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է: Սակայն գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տաuներկու ամսվա ընթացքում՝ ավելի քան 140 օր): Այս դեպքում հաշմանդամ աշխատողները կարող են դիմել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով (ԲՍՓՀ), որն էլ իրավասու է թույլատրել երկարաձգել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը: Ժամանակավոր անաշխատունակության թերթիկը տրվում է բժշկական հաստատության կողմից և ապահովագրական նպաստի նշանակման հիմք է: Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է հիվանդության (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի համար՝ աշխատունակությունը կորցնելու օրվանից մինչև դրա վերականգնումը, կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը: Պատահում են դեպքեր, երբ բժշկական հաստատությունը հրաժարվում է հաշմանդամ աշխատողին տրամադրել ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, պատճառաբանելով, թե նա իրավունք չունի աշխատելու: Նման սխալ պնդումը պայմանավորված է հաշմանդամների վերաբերյալ գոյություն ունեցող կարծրատիպերով, համաձայն որոնց բոլոր հաշմանդամներն իբր անաշխատունակ են, մշտական բուժման և խնամքի կարիք ունեն: Իրականում, հաշմանդամի աշխատունակության աստիճանը սահմանվում է ԲՍՓՀ-ի կողմից կայացված որոշմամբ: Բացի դրանից, հաշմանդամների զբաղվածության խթանմանն են ուղղված բազմաթիվ պետական ծրագրեր, ինչն ապացուցում է, որ պետությունը ճանաչում է հաշմանդամի աշխատելու իրավունքը և նպաստում դրա իրականացմանը։ |
